Մարիա Զաքարեան
— Ես այդ օրը հասկացա, որ ֆոտո անելիս կորցնում եմ պահը։ Իրեն պահելու/պահպանելու փորձ անելով՝ բաց եմ թողնում այն անձնապես ապրելու հնարավորությունը։
Մի տարի առաջ մեկը ինձ այս խոսքերը ասաց, ու երևի հենց այդ պահին սիրահարվեցի իրեն ու լուսանկարչությանը։ Հետո նա գնաց, բայց պահը կորցնելու մասին մտորումները մնացին։
Երկու օր առաջ Ռուբեն Արևշատյանը ասաց, որ լուսանկարը պահը կարևորելու, հավերժացնելու, հիշողություն, պատմություն ստեղծելու մասին է, ու ես էլի հիշեցի անցած գարունը։ Սկսեցի մտածել սկան արված ֆոտոներիս մասին, որոնց դեռ չէի տեսել, բայց մեկ ժամից կտեսնեի, ու ուզեցի հասկանալ՝ այն որ մի աչքս փակեցի ու սեղմեցի կոճակը, այդ պահին կորցրի՞ մետրոյի կնոջը, պատը, ծաղիկը, իմ արտացոլանքը, թե՞ իրենք հավերժացան ժապավենիս վրա՝ դառնալով հիշողություն/պատմություն։ Հիմա մտածում եմ, որ թվանշայինի պարագայում կորուստի զգացողությունը գուցե ավելի շատ է։ Ժապավենի դեպքում ֆիքսածդ պահը մի տեսակ ֆիզիկական ու մարմնական է շատ։
Ժապավենով առաջին արվածս ֆոտոն ֆուկուսից դուրս էր, բայց հիշում եմ, որ հարազատ էր։ Այդ ժամանակ խցիկ չունեի։ Նույնիսկ հիմա չեմ հիշում՝ ինչ խցիկ էր և ինչ ժապավեն։ Դա Վահե Բուդումյանի լուսանկարչության հարցեր և տեխնիկա դասընթացի ընթացքում էր։
Հիշում եմ այդ ժամանակ լավ չէի հասկանում պահաժամի, էքպոզիցիայի, դիաֆրագմայի նշանակությունը։ Շատ էի հավանել նաև Միլի ֆոտոն, որը էլի շատ ոգեշնչեց, հատկապես տպված տարբերակով։
Տպելու պրոցեսը կախարդական էր թվում։ Կարմիր լույսի տակ պատկերը դանդաղ սկսում էր հայտնվել թղթի վրա։ Այդ օրը double exposure օգտագործելով՝ ստացանք այս ֆոտոն, որը շատ սիրեցի։
Այս ամենից մի քանի ամիս հետո մի պայծառ ձմեռային երեկո Նորայրը ինձ առաջարկեց տալ իր Զենիթը ՝ այնուհետև մտափոխվեց և բերեց Մինոլտան ։)։ Բոքսից գնեցի սև֊սպիտակ ֆոմա and so the adventure begins.
Ես սիրահարվեցի ընթացքին, հանգստությանը, դանդաղությանը, մտածելուն, արարողակարգին, ցիկլին, սկիզբին, պրոցեսին, ավարտին, արդյունքին, հիշողությանը։
Ֆոտո անելիս երկար էի մտածում, մի տեսակ փորձում արժևորել։ Երբ արդեն գնեցի իմ խցիկը, ավելի ինքնավստահ դարձա։ Երկրորդ ժապավենս գունավոր էր։ Գնեցի Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրվա սարսափելի անձրևին, ու ինձ խանութում ելակ հյուրասիրեցին։ Այս անգամ ֆոտոներս ավելի մտածված էին։ Ասենք, ես կարող էի հատուկ ժամի գնալ հատուկ տեղ, որ այսինչ ֆոտոն անեմ, ինչը առաջինի դեպքում ավելի պատահական էր, էմոցիոնալ, ոչ հաշվարկային։
Ուղղակի նկարում/ կորցնում/պահում էի այն, ինչ տեսնում էի օրվա ընթացքում։ Հիմա երրորդն եմ սկսել, որը էլի գունավոր է։ Ինձ դուր է գալիս իրենց դասակարգել ըստ փուլերի։
Շատ հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ կատարվեց ինձ հետ այն, ինչը ես վստահ էի, որ երբեք չի լինի։ Ես վախենում էի մոտենալ անծանոթ մարդկանց և լուսանկարել։ Իսկ ի՞նչ կանի նա, երբ նկատի ինձ։
Սովորեցի զգույշ մոտենալ մարդկանց, հայելիներին, պատերին, իրերին՝ մի տեսակ թույլատվություն հարցնելով։
Հաջորդը էլի սև֊սպիտակ կուզեի նկարել, չգիտեմ՝ ինչի, ավելի իմոնքական էր։ Այս Ֆուջիի հետ պլաններ ունեմ՝ վերջապես գնալ Բալահովիտ և այնտեղի լքված տարածքները նկարել, որ միշտ ձգել են, բայց անընդհատ չի ստացվել։ Մի քանի միտք ունեմ նաև որոշները տպելու հետ կապված, տեսնենք՝ ինչպես կստացվի։
Ժապավենը քեզ համոզում է, որ սպասելը լավ բան է, ինչը մի քիչ բարդ է այսօրվա ռիթմի մեջ։ Այն կոտրում է «շտապի՛ր բաց չթողնել հերթական եսիմինչը» ուղերձը, իրարանցումը, տեմպը, ունայնությունը։